National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.09.2022
Քննարկվել են հարկային օրենսդրությունը կարգավորող համաձայնագրեր
1 / 3

«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եւ վճարների) գումարները հաշվեգրելու եւ բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրով կկանոնակարգվի ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից մաքսատուրքերի հավաքագրման եւ բաշխման գործընթացի նկատմամբ հսկողությունը: Առաջարկվում է կարգավորել համատեղ վերահսկիչ միջոցառումների իրականացման նպատակները, սկզբունքներն ու ընթացակարգերը: Համատեղ վերահսկիչ միջոցառումներ անցկացնելու համար կազմվելու է համատեղ միջոցառումների իրականացման ծրագիր, որը մշակելու է ԵԱՏՄ անդամ այն պետության ֆինանսական վերահսկող բարձրագույն մարմինը, որը համատեղ վերահսկիչ միջոցառում իրականացնելու տարում նախագահում է ԵԱՏՄ մարմիններում:

ԵԱՏՄ անդամ պետության պատկան մարմինները պարտավոր են վերացնել հայտնաբերված խախտումները եւ այդ մասին տեղեկացնել իրենց կառավարություններին ու ֆինանսական վերահսկողություն իրականացնող բարձրագույն մարմիններին:

Համաձայնագրով առաջարկվող կարգավորումներն ԱԺ սեպտեմբերի 12-ի հերթական նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը քննարկման է ներկայացրել նաեւ ««Հարկման բազայի խեղաթյուրումը եւ շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան վավերացնելու մասին» օրինագիծը:

Նախատեսվում է պայքար ագրեսիվ միջազգային հարկային պլանավորման միջոցով հարկումից խուսափելու երեւույթների դեմ: Օրենսդրությունը հնարավորություն կտա շահույթները հարկել այն երկրում, որտեղ կազմակերպվում է իրական տնտեսական գործունեություն եւ ստեղծվում է իրական նոր արժեք: Երկրները երկկողմ հարկային հարաբերություններ կառուցելիս ամեն անգամ ստիպված չեն լինի փոփոխություններ կատարել փոխադարձաբար միմյանց միջեւ կնքված երկկողմ համաձայնագրերում: Ըստ Արման Պողոսյանի՝ սա հնարավորություն է՝ խուսափելու յուրաքանչյուր անգամ վերաբանակցելու համաձայնագրերի  այս կամ այն դրույթների շուրջ: «Միանալով այս բազմակողմ կոնվենցիային՝ մենք իրավունք կստանանք այդ կարգավորումները կիրառել մեր հարկային վարչարարության շրջանակում»,- ասել է փոխնախարարը:

Տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Արման Պողոսյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ՝ 2006 թվականի հունիսի 12-ի` ««Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ 2021 թ. նոյեմբերի 12-ին ստորագրված արձանագրությունը նպատակ ունի թարմացնել դեռեւս 2006 թ. Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ գործող համաձայնագիրը: Ըստ հիմնավորման՝ արձանագրության ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am